«Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում

IMG_0009-300x200

«Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում

Իմ կողմից ներկայացված  «Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք» նախագծով կատարված աշխատանքների արդյունքում անցնող ուսումնական տարում տարատարիք մասնակիցների հետ իրագործվել են  «Զատիկ» , «Համբարձում»  ծեսերը,  նախագծի շրջանակներում ստեղծվել են նոր նախագծեր՝ «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն» , «Ծրագրային երգերի ձայնագրություն» , «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց :

«Դպիր» մանկավարժական հանդեսում ներկայացրել եմ  «Ծրագրային, ազգային երգերի տարածման ճանապարհները (ձևերը)»  հոդվածը:

Այս տարվա մայիսի վերջին Հիմնական դպրոցի առաջին (դասվար՝ Սեդա Խաչատրյան) և երրորդ (դասվար՝ Լուսինե Գասպարյան) դասարանի սովորողների հետ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում իրականացրեցինք  «Անձրևաբեր ծես» նախագիծ -ը:

«Դպիր» մանկավարժական հանդեսում մեր Մայիսյան հավաքի  հոդվածում  ներկայացրել էինք ծեսի նախապատրաստական աշխատանքները և, քանի որ ծեսի իրագործման համար արևոտ և շոգ եղանակ էր պետք, մենք այն իրականացրեցինք ավելի ուշ՝ խոստանալով մյուս հոդվածում նկարագրել աշխատանքի ընթացքը և արդյունքը:

Մեզ համար Կոտայքի մարզի Կամարիս գյուղը շատ հարմար դիրք ու բնություն ունի ծեսերն իրականացնելու համար՝ ծաղկառատ սարեր, ձորեր, գետակ, աննման բնություն, էլ չեմ ասում, որ մեր սիրելի դասվար Սեդա Խաչատրյանի հայրենի գյուղն է, որտեղ մեզ արդեն լավ ճանաչում են (այնտեղ անցած տարի տեղի երեխաների հետ իրականացրել էինք Համբարձման ծեսը), նրանցից շատերը սիրով մասնակցում կամ հետևում են մեր աշխատանքին:

Ծեսի նախապատրաստական աշխատանքների մեջ էին մտնում ջրի (անձրևի) Խորհուրդի ուսումնասիրությունը, դրա կարևորությունը բնության մեջ, պաշտամունքային տարրերը հայոց մեջ: «Մենք, հայերս, ջրապաշտ ժողովուրդ ենք, դա գալիս է մեր ազգային էությունից և մտածելակերպից: Ջուրը հին հայերի պատկերացմամբ եղել է հեթանոսական չորս մեծ տարերքներից (հող, օդ, ջուր, կրակ) մեկը: Ջուրը կյանքի կենարար աղբյուրն է և հարատևության երաշխավորը: Հնում ջրի պաշտամունքին են նվիրված եղել աստվածներ, տաճարներ, տոներ, ծեսեր և ավանդույթներ: Ջրին վերագրվել են մաքրագործման և երկարակեցության հատկանիշներ: Այդ պատճառով էլ հաճախ համադրվում են աղբյուր և երկարակեցություն բառերը: Հայ ժողովրդի մեջ ջրապաշտության ամենամեծ ապացույցներից մեկը թերևս մեր ազգային «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գլխավոր հերոսների՝ Սանասարի և Բաղդասարի և  հայոց ուժն ու իշխանությունը խորհրդանշող Քուռկիկ Ջալալիի և Թուր կեծակիի ջրածին լինելն է: Ջրին վերագրել են  նաև պտղաբերության հատկանիշներ»:

Համացանցից գտանք և ունկնդրեցինք ջրի, անձրևի մասին երգեր ( Բոբիկ ջուր մի էրաՋուր կուգեր ,  Զըպիկ, զըպիկ ,   Անձրև եկավ ,  Երկինքն ամպել է ,  Պուպլատիկինն էկեր է և այլն): Ծանոթացանք անձրևաբեր ծիսական կերպարների հետ, սովորեցինք անձրևաբեր ծիսական երգեր, պատրաստեցինք անձրևաբեր տիկնիկ-կերպարներ՝ մեր պատկերացմամբ, խաղարկեցինք ջրի և անձրևի հետ կապված խաղեր (ջրոցի, Նուրի, Բուկլե Բարան, Պուպլատիկին, «Ջրաղաց» և այլն ): Տիկնիկներով ներկայանալ ցանկանում էին բոլորը, դե, բնական է, նրանց թվում էր, որ իրենց գործոնը կարևոր դեր է խաղում: Մենք էլ ծիսական երգերը կատարելիս տիկնիկներին ձեռքից ձեռք էինք փոխանցում կամ տիկնիկին կանգնեցնում որևէ տեղ՝ այս դեպքում տիկնիկին ներկայացնելով «ինքնուրույն ներկայացող կերպար», իսկ սովորողներին՝ նրանից անձրև ակնկալող: Երկու տարբերակն էլ լավ աշխատեց: Երբ բնության գրկում պատրաստվում էինք իրականացնել ծեսը, սովորողներն առաջարկեցին տիկնիկներին զարդարել ծաղկեպսակով: Լավ միտք էր, հավաքեցինք ծաղիկներ, ծաղկեպսակներ հյուսեցինք, մեր տիկնիկներին մի լավ սիրուն տեսքի բերեցինք ու բնության գրկում խաղացինք ծիսական գործողություններից մեկ հատված, որտեղ ծիսական կերպարները եկել են ու «երկընքեն թոն կուզեն, գետնեն էլ բերք կուզեն»: Շարժվեցինք երգելով ու այգում շարունակեցինք մյուս հատվածը: Չեք պատկերացնում՝ որքա՜ն էինք ուզում անձրև գար, բայց… Աչքներս գոնե մի կտոր ամպ տեսնելու հույսով անընդհատ երկնքին հառած, հույսերս չկտրելով, մեկ էլ միտք հղացավ՝ բերեք ցնցուղով անձրև բերենք, երկինքը կտեսնի, ամպեր կհավաքի ու անձրև կբերի: Սիրում եմ մեր լայնսիրտ, բացձեռ ազգին, միանգամից ճարվեց մեծ ցնցուղ, որը ոչ միայն կատարեց իր «ծիսական» դերը, այլև սովորողներին մի աննկարագրելի ուրախություն պարգևեց: Դե, Սեդան էլ իրեն չկորցրեց, անմիջապես գտավ հաց թխողներին, ինքն էլ միացավ նրանց, մեզ էլ կենդանի ցույց տվեց, թե անձրևի շնորհիվ աճած արտի ցորենը, որն աղում ու ալյուր են դարձնում, ինչպես է դառնում անուշ բուրմունքով փմփուշ հաց: Ու էդ համով հացն ուտելով՝ խաղացինք մեր ջրաղացի ու հաց թխելու խաղերը:

Չեմ ասի՝ հաջորդ, բայց երրորդ օրն իսկապես անձրև եկավ, դե, կարելի է պատկերացնել մերոնց գոհունակ տեսքը, ուրախությունը:

Մեր պատրաստած ծիսական տիկնիկներից մեկի կերպարը պատրաստել էինք փայտերի վրա, որոնք պետք է գցեինք ջրի մեջ, որ անձրև գար (գործողության այդ ձևի մասին տեղեկացել ենք Բյուրականի «Տոնացույց» խմբի անդամներից): Իհարկե, ճիշտ կլիներ գցել գետակի մեջ, բայց, քանի որ տեղի գետակը քարքարոտ ու նեղ էր, իսկ մերոնք շատ ու, այս դեպքում կլինեն անկառավարելի, հասկացանք, որ հիմնականում կվազվզեն փայտե տիկնիկների հետևից  և կփորձեն դուրս բերել ջրից, որը շատ բնական էր: Խուսափելով սպասելիք բարդություններից, որոշեցինք նախ փորձարկել այլ կերպ: Տաշտի մեջ ջուր լցրեցինք և, մեջը գցելով ծիսական տիկնիկները, ջուրը չըփչըփացնելով խաղացինք նրանց հետ՝ երգերով, ծիսական և այլ հիացական բացականչություններով: Սովորողներն այնպես էին մտել իրենց դերի մեջ, որ մեր կերպարների հետ պետք եղավ վերանորոգման լուրջ աշխատանք տանել:

Բնության գրկում ծեսն ազատ խաղարկելուց հետո որոշեցինք այն ներկայացնել բեմական տարբերակով: Պարզ է՝ չէինք ջրելու ու ջրվելու, բայց, փոխարենը, կարող էինք տեսանյութի հետ ներկայացնել մեր ազգային անձրևաբեր ծիսական կերպարներին՝ երգերով, ասիկներով, որտեղ ծիսական կերպարների դերում արդեն կարող էին հանդես գալ սովորողները:  Չեմ կարծում, որ նրանք այդքան ոգևորված ու հավեսով կատարեին, եթե նախօրոք բնության գրկում չիրականացնեին ծեսը:

Իսկ վերջում արդեն մի փոքր անձրևաբեր ծիսական խաղ  խաղացինք մեր լողավազանում, որտեղ էլի այլ ընթացք ու տեսք ուներ մեր ծեսը:

Այսպես ծեսը խաղացինք բնության գրկում, բեմում և լողավազանում: Այն ոչ միայն տպավորվեց սովորողների մեջ, այլև դարձավ իրենցը՝ երգով, խաղով, ծիսական կերպարներով: Այն չտրվեց արհեստական կազմած սցենարով, իր ծիսական դերը չկատարող ծիսական կերպարով, դերաբաշխումով, որտեղ ծեսի իրական պատկերն ընդհանրապես չի երևում:

Իհարկե, չի կարելի ասել, թե ամեն ինչ ստացվեց, լավ էր, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ իր բոլոր թերություններով, բացթողումներով հանդերձ, այն կայացավ, մենք մեր պատկերացմամբ կենդանացրեցինք մեր ազգային ծիսական արարողակարգերից մեկը, դաս քաղեցինք: Եթե որոշենք էլի խաղալ, այն կտարբերվի առաջինից, կլրացվի, կձևափոխվի, կերպարներն այլ տեսք կունենան, գործողություններն էլ հաստատ կրկնություն չեն լինի: Չէ՞ որ ստեղծագործ միտքն անընդհատ առաջ է գնում, զարգացնում եղածը:

Փորձը ցույց տվեց, որ ազգային դպրոցն իսկապես մեծ շտեմարան է, որտեղից ցանկության դեպքում կարելի է գտնել ամենակարևորը: Ազգային մշակույթը չի կորցրել իր արժեքն ու կարևորությունը, այն հարուստ աշխարհ է, ուղղակի պետք է գիտենալ՝ ինչ և ինչպես վերցնել:

Դպիր 97

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: