Սուրբ Հարության տոն. Զատիկ

img_7751 

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը եկեղեցու գլխավոր տոներից է: Աստծո Որդին իր արյունը հեղեց աշխարհի և մեղավոր մարդկանց փրկության համար, խաչվեց, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ:

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու  ամենասպասված տոնն է, որը եկեղեցական օրացույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամբ) կատարվում է գարնան գիշերահավասարից և լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին: Այն շարժվում է 35 օրերի միջև` մարտի 22 -ից մինչև ապրիլի 25 -ը:

Զատիկ բառին տրվում են տարբեր ստուգաբանություններ: Որոշ ուսումնասիրողներ այն նմանեցնում են հրեաների Պասեքի հետ (Պասեքը, որ նշանակում է ելք, հրեաների ամենասիրված տոնն է և խորհրդանշում է Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր նրանց ելքը):  Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, որոշվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլ նաև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից: Հարություն առած բնությունը զարդարվում է կանաչով, ծառ ու ծաղկով, հողը ծածկվում է գույներով, ծաղկում են ծիրանենիները, խնձորենիները, տանձենիները, դեղձենիները… Հարության տոնի հետ միաժամանակ վերադառնում են չվող թռչունները` արագիլը, ծիծեռնակն ու սարյակը:

Զատիկ բառի մյուս մեկնաբանությունը ազատվել իմաստն ունի: Բացի վերոհիշյալ խորհրդից, այսինքն` ձմռան երկար թագավորությունից բնության ազատվելուց, հավանաբար այն նշանակել է նաև Մեծ Պասը ավարտելու, դրա խստություններից ազատվելու իմաստը, երբ մարդիկ քառասնօրյա պասով մաքրագործելով հոգին ու մարմինը, վերջապես իրավունք են ստանում օգտվելու երկար սպասված, կենդանական ծագում ունեցող կերակուրներից: Այդ է պատճառը, որ գրպաններում մի-մի ձու դրած, նրանք գնում էին ժամերգության և, ավարտվելուց անմիջապես հետո, ուտում ձուն:

Զատկական ձուն «օրինակն է բոլոր աշխարհի, և ինչպես որ իմաստուններն ասում են` դրսի կեղևն նմանում է երկնքին, մզղաձևը` օդին և սպիտակուցը` ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն` մեջը» (Թորգոմ վարդապետ): Գրիգոր Տաթևացին էլ նման միտք է արտահայտել ձուն կարմիր ներկելու մասին. «Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»: Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհրդանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ«ծառ» նշանակում է նաև «ձվի սուր ծայրերը»: Այս բացատրությունը, որ ցույց է տալիս ձվի և կենաց ծառի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը:

Զատիկի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագից, որի ավարտից հետո տնետուն անցնելով` մարդիկ իրար հայտնում են Ս. Հարության ուրախաբեր ավետիսը` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ժամերգությունից հետո, շատերը, նախապես պայմանավորված լինելով, «ողջումաղբեր» կամ «ողջումաքույր» էին դառնում, այսինքն, քահանայի օրհնությունն ստանալով, եղբայրանում ու քույրանում էին միմյանց հետ: Զատկական քույր — եղբայրությունը սրբորեն պահվում էր և խորապես հարգվում հասարակության կողմից: Նրանց միջև ամուսնությունն այնուհետև արգելվում էր: Այդ օրն ընդունված է եղել գյուղովի ախար` մատաղ անելը և առանց խտրականության բոլորին բաժանելը: Այս ավանդույթը նկատի առնելով` Զատկի կիրակին էլ ախարի է կոչվել: Լոռվա Օձուն գյուղում, մինչև ախառը բաժանելը, բազմության առաջ մի քանի մարդ երգելով ավետում էին Քրիստոսի հարությունը` ավարտելով  հետևյալ բարեմաղթություններով.

Օրհնվի և պահպանվի

Ձեր դաշտն ու սարը, այծն ու ոչխարը,

Կովն ու կթանը, չութն ու գութանը,

Վարն ու վաստակը, գլուխն ու տակը,

Հանդն ու հանդստանը, արոտն ու այգեստանը,

Կալն ու ջաղացը, ցորենն ու հացը,

Ձին ու էշը, եզն ու գոմեշը,

Գառնարածը ու ոչխարարածը,

Տավարածն ու հորթարածը:

Քահանաները տիրացուների հետ Զատկի օրը տնետուն են այցելել և տնօրհնեք արել: Տներում խոնչի վրա դրվել են թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր և այլն, իսկ խոնչի տակը` քակոր, հավկիթ և այլն, որպեսզի սրանք ևս օրհնվեն ու շատանան: Մարդիկ այցելել են մտերիմների, հարազատների տները, հաշտվել են խռովածները, նույնիսկ թշնամիները:

Զատկի օրն ընթացել է բարեկամների, հարազատների կերուխումներով, մասսայական ձվակռիվներով, ամուրի տղաների ջիլիթախաղով, դափ ու զուռնի նվագակցությամբ, հասարակական պարերով: Վերջացել է Մեծ Պասը և սկսվել Ուտիսի շրջանը: Բասենում կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի  Զատկի տոներն էին, մարդիկ աշխատանքի չէին գնում: Այդ երեք օրն էլ կեր ու խումի, խաղ ու խնդումի օրեր էին: Առավոտից մինչև ուշ երեկո գյուղում մի քանի տեղ, հատկապես կալերում ու մարագներում ձու էին խաղում: Մեջտեղ էին գալիս նաև հում, սպիտակ ձվեր: Այնպիսինները կային, որոնք խաղի ընթացքում տանում էին երեք, չորս դույլ ձու:

Երկուշաբթին, որն հաջորդում էր Զատիկին, մեռելոց օր էր` բոլոր ննջեցյալների հիշատակության օրը: Մարդիկ, խմիչք և ուտելիք առած, գնացել են գերեզմանները, մոմ վառել, խունկ ծխել, ողորմաթաս խմել, գերեզմաններն օրհնել տվել, աղքատներին բերած ուտելիքից բաժին հանել: Անցյալում «մեռելոցը», մասնավորապես Զատկի ու Սուրբ Խաչի, ոչ թե ողբի, այլ ուրախության օր էր: Շատ վայրերում այդ օրերին հենց գերեզմանատներում հացկերույթի սեղաններ էին բացվում, որոնք վեր էին ածվում տոնական խնջույքների: Խաղերը և նույնիսկ պարերը ոչ միայն արգելված չէին, այլև «մեռելոց»-ի անհրաժեշտ ծիսակարգի մեջ էին մտնում, մի տեսակ, կարծեք, իրենց ուրախությանը հաղորդակից դարձնելով սիրելի հանգուցյալներին: Այդ օրը մի հետաքրքիր սովորություն կար. քարափում, մողեսների բների առաջ շաքարի կտորներ էին դնում` որևէ բան խնդրելով: Եթե մողեսը շաքարի կտորը դեպի բունն էր քաշում, խնդրանքը կկատարվեր, եթե ոչ` չէր կատարվի:

Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկը  բուն Զատիկին հաջորդող կիրակին է: Դրան հաջորդում են Կանաչ, ապա Կարմիր կիրակիները, որոնք կապվում են բնության զարթոնքի, բուսականության, կյանքի պտղաբերման հետ: Այդ օրերին մարդիկ ընտանիքներով, խմբերով այցելել են մոտակա ուխտավայրերը, մատաղ են արել, պարեր, ձիարշավ, մրցություններ, հրաձգություն կազմակերպել, լարախաղացների խաղին հետևել: Ղզլարի հայերը Կանաչ կիրակի ձվերը ներկում էին կանաչ գույնով:

Ձուն բուսանախշվել է հետևյալ եղանակով.

Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ: Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ ձու:

Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:

Զատկական ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում էին և նախշազարդում: Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի փնջիկ է թողնվում, իսկ սուր ծայրում` նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում կամ էլ հայելու առջև:

Զատկի երգեր

Յալալի

Յալալի, Տերն հարություն է առել,
Յալալի, հավը կարմիր է ածել,
Յալալի, Պողոսն երազ է տեսել,
Յալալի, Պողոս, երազդ ի բարին,
Յալալի, շնորհավոր նոր տարի,
Յալալի, նոր տարի ու նոր բարի:
Յալալի, ախպերս ո՞ւր է, ո՞ւր է,
Յալալի, պառկել բախչան ի քուն է,
Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,
Յալալի, ջուր վերևոքն անցել է,
Յալալի, նըխշուն բարձը թրջել է,
Յալալի, ախպորս քնից հանել է:
Յալալի, ախպեր, ելի էդ քնից,
Յալալի, գինի խմի էս գավից,
Յալալի, գինին անապակ խմի:

              Ճոր պար

Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պապ, արի գողտուկ տար,
Շատ պզտիկ է, չէ, չենք տա:

Ճոր անենք, ճոր պար անենեք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի` նորն անենք:

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծակեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:

Տարան, թող տանին,
Զատկին կբերեն:

Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլիրով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:

Տարան, թող տանին,
Զատկին կբերեն;

Զատկի ասույթներ, առածներ, ոտանավորներ

Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:

Կարմիր ձուն Զատկին կսազե:

Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:

Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:

Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:

Զատիկը թռի, մեր կովը ծնի:

Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկը առանց ձվի չի լինի:

Զատկից հետո կարմիր հավկիթ:

  • Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
    Արի, նստի մեր տան մոտիկ,
    Իմ հեր քե կանի ուր լաճիկ,
    Իմ մեր քե կանի ուր հարսիկ,
    Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,
    Արի, խեր բեր մեր տան վրեն:
  • Հողմը փչեց ի հարավեն,
    Ազատվեցին դաշտք ձյուներեն,
    Բերկրություն է ամեն տղոց,
    ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚:

Լուսնակն անուշ

Գիշեր կծիկ գլորե,
Լուսնակ լրիվ բոլորե
Մեջ սև ամպի մոլորե:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Ռանչպարի քունն անուշ:

Քամին սարին զղզղաց,
Բարակ անձրև շղշղաց,
Դալար տերև դողդողաց:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Անձրևի հոտն է անուշ:

Երկար գոմը սալեցին,
Սև ձին մեջը նալեցին,
Սպիտակ ճակատ նշնեցին:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Աղոթրանի լույսն անուշ:

Դռան առաջ հերկեցին,
Զատկի ձվեր ներկեցին,
Դրկցին ողջույն տվեցին:
Լուսնակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:

Բյուրապատիկ

Բյուրապատիկ, բյուրն պատիկ,
Ոսկե հատիկ ցորեն բշիկ,
Տա Աստված հազար Զատիկ,
Դուք լավ լինեք, շեն լինեք:
Տա ձեր սրտին Աստված անձրև,
Ձեր ամենին` երկար արև,
Տեր, թոն արա, թոն, թոն արա,
Գարի հացը բոլ-բոլ արա:

Բյուրապատիկն եմ, փայ կուզեմ,
Կարմիր կովի եղը կուզեմ,
Սև հավի հավկիթը կուզեմ:

                                                                      Զատիկ

«Սուրբ Զատիկը Նոր տարուց ավելի մեծ տոն է, ցավոք, որ մենք այս տոնը մեծ շուքով նշելու ավանդույթը չենք պահպանում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Նրա խոսքով, Սրբ. Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր ծիսական ծառը, ունի իր առանձնահատուկ տիկնիկները` Ակլատիզը և Ուտիս տատը, ունի նաև ծիսական մշակութային խաղեր: Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան, այդ ծառի վրա նախկինում կախվել են ձեռքով գործած հավկիթներ:
Նկարչուհին նշեց, որ այս տոնին յուրաքանչյուր տիկին իր տանը պետք է ունենա Ակլատիզ տիկնիկը, որը նախկինում օգտագործել են որպես օրացույց, տիկնիկի վրա ամրացվել են 49 օրվա քարկտիկներ: Տիկնիկը խորհրդանշում է տան հաջողությունը:
«Այսօր եթե յուրաքանչյուր կին ակլատիզ պատրաստեր իր տան համար և իր երեխային հաղորդակից դարձներ մեր ավանդույթներին, ապա մեր ծեսերի նշելու ավանդական ձևերը կպահպանվեին»,- հավելեց նա:
Իսկ Ուտիս տատ տիկնիկը նախկինում եղել է յուրաքանչյուր տան խոհանոցում և համարվել է խոհանոցի տիրուհի: Յուրաքանչյուր գավառ պահպանելով Քրիստոսի հարության տոնը իր ժողովրդական ծիսակատարությունները նշել է իր գավառի ավանդույթներին համապատասխան, իր գավառային տաղերով և երգերով:
Սրբ. Զատիկ տոնը նշվում է շաբաթ օրը ժամը 5-ից հետո: Այդ օրը առավոտյան, երբ մարդիկ պետք է զոհաբերություն անեն, օրվա խորհուրդը ոչխարն է, այն նախկինում զոհաբերել են կամ անհատական կամ թաղի բնակիչներով: Յուրաքանչյուրը փոքր ինչ լումա է ներդրել և այդ գումարով ոչխար են գնել: Ոչխարը համարվել է օրվա ամենաթանկ մատաղը: Մատաղից հետո մարդիկ գնացել են եկեղեցի և մասնակցել պատարագի: Պատարագից հետո տուն գալիս խաղացել են զատկական խաղերը` ձվախաղերը:
Լ. Ագուլեցու խոսքով, Սրբ. Զատիկին տոնը պատրաստել են նվիկ կերակրատեսակը, որը գավառներում ասում են սպիտակ բանջար: Նվիկը նաև ունի իր իմաստը, Մայրամ Աստվածածինը Քրիստոսին նվիկով է բարուրել: Այդ օրը պատրաստում են նաև ուտապը կերակրատեսակը, որը ձվից ու մածունից պատրաստված խմոր է, որի մեջ լցնում են կանաչի կամ սոխով լոբի: Օրվա խորհուրդն է նաև գաթան, ինչպես նաև ձուկը, տարբեր տեսակների կանաչիները, բրնձով և չամիչով կամ ծիրանի չրով փլավը: Փլավն ունի իր խորհրդանիշը. փլավը` ժողովուրդն է, իսկ փլավի մեջի չամիչը կամ չիրը մեր հավատքն է:
Սրբ. Զատիկի տոնին ձուն ներկում են շաբաթ օրը երեկոյան, այն պետք է ներկել միայն կարմիր գույնով: «Պետք չէ հավկիթը ներկել գունավոր, գունավոր ներկում են Պարսկաստանում, որը խորհրդանշում է գարնան սկիզբը»: «Մեր ժողովրդական տոները շատ հետաքրքիր են իրենց գաղափարախոսությամբ, ուղղակի դրանք պետք է ամեն ինչ անենք, որ պահպանվեն»,- հավելեց Լուսիկ Ագուլեցին:

Ինչպես Մեծ Պահքի սկզբից մինչև Զատիկը յուրաքանչյուր կիրակի իր խորհուրդն ունի,այնպես էլ Ս. Զատիկին հաջորդող կիրակիներն ունեն իրենց խորհուրդները:  Զատիկին հաջորդում են`  Կրկնազատիկը (Նոր կիրակի), Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի), Կարմիր կիրակի, Տոն Երևման Ս. Խաչի` մինչև Համբարձումը, ապա Երկրորդ Ծաղկազարդը և Հոգեգալուստը:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու` Հիսուս Քրիստոսի Հարության` Սբ. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի: Տոնն այսպես է անվանվել ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին Սիոնի Վերնատունն է համարվում, որտեղ Հիսուս Քրիստոսը հաստատեց հաղորդության խորհուրդը:

Աշխարհամատուռ նշանակում է քրիստոնյաների մատուռը: Առաքյալների կողմից հիմնված առաջին եկեղեցին եղավ Սիոնի Վերնատունը, ուր կատարվեց Վերջին ընթրիքը, ոտնլվայի արարողությունը, և որտեղ Քրիստոս Հարությունից հետո հայտնվեց իր աշակերտներին` հաստատելով նրանց հավատքը:

Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, տոնի ժողովրդական անվանումն է` կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Եվ պատահական չէ, որ այս օրը ձուն ներկում էին կանաչ գույնով:

Ծիսական տոնացույց

Զատիկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր կիրակի: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և  հավատի համար մարտիրոսացած նահատակների արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքների էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել` ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», — ասում է Պողոս առաքյալը(Եբր. 12:3-4) եւ իբրեւ պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես եւ դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» Հռոմ. 6:10-11):

Կարմիր կիրակին կազմում է զատկական տոնական հանդիսությունների շարունակությունը: Բնութագրվում է ծիսական ուտեստով (կարմիր, կանաչ ձվեր, փլավ և այլն), ուխտագնացությամբ, մատաղով:

Հավանաբար սա ևս բնության հետ կապ ունեցող մի բան է, քանի որ Կանաչ և Կարմիր կիրակիներին եկեղեցում սովորություն էր այդ գույները գործածել, ասենք` եկեղեցու վարագույրը, քահանայի, դպիրների ու սարկավագների զգեստները, Ս. Սեղանի սփռոցները, զանազան այլ իրեր:

Հետաքրքիր է, որ ժողովրդական լեզվում կանաչ-կարմիր նշանակում է նաև ծիածան: Սահակ վարդապետ Ամատունին իր «Հայոց բառ ու բան» բառարանում գրում է. «Աղեղնակ, Անեղնակ, Կանաչ ու Կարմիր Աղեղն, ծիածան: Ծիածանի գոտին` որ ամպ ու անձրև օրերում կամարաձև երևում է երկնքի երեսին: Ծիածանը, որին կոչում են կանաչ ու կարմիր` Աստծո գոտին է» (Արտակ Արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները», էջ 154):

«Հին ժամանակներում, պսակի արարողության ընթացքում կանաչ-կարմիր ժապավեններ էին կապում փեսայի և հարսի վրա, իբրև խորհրդանիշ պտղաբերության: Կանաչ-կարմիր կապել նշանակում է իրար հետ պսակվել: Կարմիր կանչել` հարսանիքի ժամանակ փեսայի համար դրամ հավաքել, կարմրականչ անել` հյուրասիրության հրավեր կատարել»,-շարունակում է հեղինակը:

Կարմիր գույնը ընդհանրապես պայքարի նշանն է, խորհրդանիշը կյանքի, կյանքի համար պայքարի ու հաղթանակի: Հաղթանակ քրիստոնեական ոգու, բայց հատկապես հաղթանակ քրիստոնեական ըմբռնումի: Պայքար իր տեղը, դիրքը և հավասարակշռությունը պահելու համար:  Պայքար` ունենալու համար այն անհրաժեշտ զորությունն ու ուժը, որով քրիստոնյան կկարողանա «զամենայն նետս մուխս չարին շիջուցանել», այսինքն` պայքարել այն ապականիչ ուժերի դեմ, որոնք սպառնում են մեր հոգևոր կյանքը խաթարել, տկարացնել կամ սպանել:

Քրիստոնյա լինելու համար եռանդ և մարտական ազնիվ ոգի է պետք ունենալ, այն պայքարելու տրամադրությունից զուրկ մարդու գործ չէ: Հարկավոր է կենդանի ու ապրող հավատք, բուռն ներքին պայքար` հին կյանքի կուտակված մոլություններից ազատվելու համար:

Կարմիր կիրակին քրիստոնեկան քաջության հիշեցման օր է, իսկ քաջությունը հիմնական կետն է քրիստոնեական առաքինությունների մեջ: Ուրեմն` Կարմիր կիրակին հիշեցում է, որ քրիստոնեկան կյանքը պայքար է վատ և տգեղ երևույթների դեմ:

Աղբյուրը` Արտակ Արք. Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

Հովսեփ ավագ քահանա Հակոբյան, «Կարմիր կիրակի»

Շնորհք Պատրիարք Գալուստյան, «Գունագեղ Կիրակիներ»

                              Զատկական նյութեր

Սուրբ Հարության տոն

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: