Ընտանեկան նախագիծ. «Ազգային ծեսեր. Վարդավառ»
Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկների հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի ` խնդրելով, որ դաշտերը կարկուտից ու մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «Խաչբուռ» էին պատրաստում:
Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն: «Խաչբուռը» պատրաստում էին հետևյալ կերպ. վերցնում էին մի քանի ցորենի հասկ ցողունով, կազմում փոքրիկ փունջ: Թելն ամուր պտտում էին փնջի ցողունի մասով, ստացվում էր ցորենի հասկերից կազմած փոքրիկ ծաղկեփունջ: Մի քանի այդպիսի փնջերը վարպետորեն իրար միացնելով պատրաստում էին իրենց ուզած «Խաչբուռը»: Աղջիկներն էլ մոտավորապես նույնն (Տավուշում) անում էին ծաղիկներով: Տոնի նախորդ օրը ամբողջ ցերեկը շրջում էին դաշտերում, բազմագույն, հատկապես «վարթիվերի» կոչվող դեղնագույն ծաղիկը հավաքում, խաչաձև փնջեր անում և գիշերը գաղտնի նետում իրենց թաղեկիցների կամ հարազատների բակը: Իսկ նշանված աղջիկները մի քանի այդպիսի խաչ-փնջերից «կսկրանք» էին պատրաստում (օջախին դրվող եռոտանու նման) և ուղարկում նշանածի ընտանիքին: «Խաչբուռ», «կսկրանք», «խաչ-փունջ» ստացող տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ, դրանք դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա: Հաջորդ օրը` բուն Վարդավառի առավոտյան, խաչ-փնջեր բաժանած աղջիկները տնետուն էին շրջում և ծաղկափայ հավաքում` զանազան կաթնամթերք, ձու, անուշեղեն և այլն: Որոշ տեղերում ծաղկախաչերով զարդարում էին կենդանիների վիզը, կոտոշը, ճակատը և պտտում` նույնպես առատորեն ստանալով իրենց բաժինը: