Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում ս․թ․ հուլիսի 8-10-ը կրթահամալիրի երաժշտության դաավանդողները և լրացուցիչ կրթության սովորողները հյուրնկալվեցին Սևանի «Ժայռ» գոտում ՝ իրականացնելու «Անձրև՛, անձրև՛, ցած արի» ազգային ծիսական օպերայի բեմադրությունը:
Մասնակիցներն ուսումնասիրեցին Անձրևաբեր ծեսը, սովորեցին անձրևաբեր ծիսական երգեր, պատրաստեցին ծիսական տիկնիկներ: Քանի որ բոլորն էլ սիրով էին աշխատում, շատ արագ յուրացրին նյութը: Ծեսն իրականացրինք օրվա ընթացքում՝ լողափին, ջրի մեջ, առանձին խմբերով, միասին: Բոլորն էլ շատ անկեղծ, ազգային կոլորիտով խաղացին, երգեցին, չփչփացրին: Ինչպես միշտ, ազգայինը համախմբեց բոլորիս իր անկեղծ, ազատ, հետաքրքիր, ուրախ միջավայրով:
Մասնակիցների նվիրված անկեղծությունը շատ կարևոր է ինձ համար, նրանցից է կախված՝ ինչպես կընթանա աշխատանքը: Մեր մասնակիցները տրամադրեցին, ոգևորեցին, ստեղծագործեցին, օգնեցին, առաջարկեցին, հավեսով իրականացրին մեր ազգային ծեսը: Իսկ որ ամենակարևորն է՝ մեր օրերը դարձրին տոն, ցնծություն:
— Անձրև, անձրև, ցա՛ծ արի,
Բսցուր ցորեն ու գարի…