«Վարդավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագիծ
Վարդավառի ծիսակարգը՝ ծիսական, ազգագրական նյութերով
Անհրաժեշտ պարագաներ
- Վարդ, խնձոր, վարունգ
- Խնդում պատրաստելու համար ծղոտե թաս կամ զամբյուղ, խաչաձև փայտ
- Լայն ժապավեն
- Տարբեր ծաղիկներ
- Դույլ, բաժակ
- Թզաչափ փայտեր
- Ցորենի հասկեր
- Գունավոր թելեր
- Եթե հնարավոր է` իսկական կենդանի աղավնի:
Վարդավառի ծեսն սկսվում է նախորդ օրը: Նախօրոք պարզում են՝ որտեղ կա հասած ցորենի կամ գարու արտ, տիրոջից խնդրում թույլտվություն` որոշ քանակի հասկեր հավաքելու: Երեխաների հետ հավաքելուց հետո խաչբուռ պատրաստելու համար ընտրում են որևէ հով բաց տարածք` : Խաչբուռ պատրաստելու գործընթացին մասնակից են բոլորը՝ ով որքանով կարող է: Այդ աշխատանքն անպայման ուղեկցվում է երգերով, պարերով, հետաքրքիր պատմություններով (ցանկալի է, որ դրանք լինեն ոչ թե առօրյա դեպքեր, այլ ազգային կոլորիտով պատմություններ, որտեղ խոսքն ու երգը ուղեկցում են իրար):
Նույն օրն էլ հավաքում են դաշտային ծաղիկներ:
Հաջորդ օրը վաղ առավոտյան բերում են շատ վարդեր, վարդի թերթեր, խնձոր, վարունգ, լայն ժապավեններ, նախորդ օրը քաղած ծաղիկները: Ծաղիկներից պատրաստում են խաչփնջեր, ժապավենների վրա ամրացնում են վարդեր, փոքրիկ վարունգներ (եթե վարունգները մեծ են, կտրում են օղակաձև), փոքրիկ խնձորներ: Ոչ մեծ թասի մեջ լցնում են ջուր, որի մեջ շաղ են տալիս վորդի թերթեր:
Պատրաստում են «Խնդումը»: Նախօրոք պատրաստում են խաչաձև կամ մի քանի թևավոր փայտ:
Փայտի թևերին կախում են վարդ, խնձոր, վարունգ: Ծղոտե թասի կամ զամբյուղի մեջ շարում են վարդը, խնձորը, վարունգը: Իրողության մեջ մեկ մետրանոց խաչը պետք է ամրացված լիներ ծղոտե թասի մեջ աճեցրած ցորենի մեջտեղում, ես առաջարկում եմ առանձնացնել, քանի որ այդպես գործնականում ավելի հարմար է:
Վարդավառի խմբի մի մասը վերցնում է ծիսական պարագաները, մյուսը՝ մեկական խնձոր: Եթե խաչբուռը (խաչբուռները) եկեղեցում օրհնելու հնարավորություն կա, անպայման իրականացնել:
Խումբը երգելով շարժվում է գյուղի, քաղաքի որևէ թաղամասի ոչ երթևեկելի տարածքով՝ բնակիչներին, անցորդներին հյուրասիրելով խնձորներ, նվիրելով վարդեր, ծաղկեփնջեր:
Վարդավառ է, վարդավառ է,
Երկինքը արեգական է,
Վարդավառ է, վարդավառ է,
Արևը կամար կապել է,
Ջա՜ն վարդավառ, ջա՜ն վարդավառ,
Ոսկի բլբուլն է վարդին թառ:
Խմբի մասնակիցներից մեկը, վարդաջրով թասը ձեռքին, վարդի փոքր փունջը թաթախելով վարդաջրի մեջ, ցողում է բոլորի վրա:
Քիչ անց, «Խնդում»-ը ձեռքին, երգելով գալիս է տատիկը: Երեխաները նրա շուրջ կազմում են շրջան: Տատիկը «Խնդում»-ը թեթև «պարեցնելով», դնում է շրջանի մեջտեղում, ծալապատիկ նստում և երգում.
Խնդում ունեմ վարդով լի,
Վարդով լի, խնձորով լի,
Վախենամ` քունս տանի,
Խնդումս չարը տանի:
Երեխաներից մի քանիսը տատիկին համոզում են՝ պարել իրենց հետ: Տատիկը սկզբից չեմուչում է անում, ապա, իբր համոզվելով, սկսում է պարել: Մասնակիցներից մեկը արագ մոտենում ու փախցնում է խնդումը, մյուսները նույն արագությամբ մեկական խնձոր կամ վարունգ են վերցնում՝ արագ դատարկելով այն: Տատիկը սկսում է «անիծել»
— Որ ձեր ձեռքի խնձորն ու վարունգն ուտեմ, որ ձեր կերածը հալալ լինի, որ տատիկի բկին կանգնի առանց ձեզ կերած ամեն բան, որ կյանքերդ երկարի, երկան արև ըլնի:
Երեխաները գալիս, փաթաթվում են տատին ու մի փնջած խնձոր տալիս: Տատը խաղացնում է խնձորն ու երգում.
— Լուսամուտին կարմիր խնձոր շարել եմ, շարել եմ…
Տոնը շարունակվում է երգերով, պարերով, ջրախաղերով, ավանդական, ազգային, մանկական, բակային խաղերով, ըմբշամարտով: