Հոդված. «Խաղը ծիսական միջավայրում»

IMG_4556

Խաղը ծիսական միջավայրում

… Ամենամեծ ու ամենացանկալի նորամուծությունը կրթության ասպարեզում այսօր այն կլինի, որ ինչ-ինչ պատճառներով իր արմատներից հեռացած ժողովրդին վերադարձվի իր իսկ ստեղծածը: Հայ մեծագույն մանկավարժները ամենամեծ դպրոցը համարել են ժողովրդական դպրոցը և իրենց ստեղծած կրթական համակարգը փորձել են մոտեցնել ժողովրդական դպրոցին, որովհետև վերջինս առավելագույն արդյունքներին հասել է բնության թելադրած պարզագույն միջոցներով»:

Արթուր Շահնազարյան

Ազգային ծեսն այն միջավայրն է, որտեղ բոլորը, ազգի մշակույթը յուրացրած,  ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, որոնելու, հայտնաբերելու, երևակայելու, իմացածը կիրառելու լայն հնարավորությու ունեն: Այսօր, հատկապես գյուղական վայրերում, դեռ կարելի է տեսնել փոքրիկ «հարսիկի» ձեռքը բռնած մանկանց, ովքեր Ջանգյուլումի գովքի տեսարանն են ներկայացնում՝ երևի հստակ չիմանալով Համբարձման ծեսի ամբողջական կառույցը: Կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել է Համբարձման ծեսը  և իրականացվում է: Զատկական ծեսից մնացել է «Ձվակռիվը», բրինձով, չամչով փլավ եփելը, ամանորյա ազգային ծես ուղղակի չկա, Բարեկենդանի մասին գիտեն Թումանյանի պատմվածքից և ընդհանրապես չեն իրագործում ծեսը, իսկ  Վարդավառից  մնացել է միայն ջուր ցողելու ծիսական գործողությունը: Անձրևաբեր և Անձրևախափան ծեսերի  մասին հիշում են միայն անհատներ, որոնց մի կերպ կարելի է «պեղել» գյուղական վայրերում: Եղել է մեծ կարևորություն ունեցող մշակույթ, որը կարող է կորչել, եթե չհասկանանք, չընդունենք ու կյանքի չկոչենք այն: Մեր ծեսերը, որոնք այնքա՜ն կարևոր դեր են խաղացել ազգային մշակութային դաշտում, ազգի դեմքը, տեսակը պահպանելու, սերունդներին փոխանցելու ազգային բարոյականությունը, այսօր համարյա մոռացության են մատնվել: Կոմիտասը («Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և նրանից սովորեցեք») և նրա նման հանճարեղ մարդիկ կարևորել են ազգայինը և համարել մանկան կրթության, զարգացման,  դաստիարակության հիմքը:
Ազգային ծեսը կյանքի կոչելու և արդիականացնելու համար հարկավոր է իմանալ՝ ինչ է ծեսը, նրա խորհուրդը, հոգևոր նշանակությունը, կառույցը, ծիսական գործողությունները, ընթացքը: Այսօրվա հայը չի կարող միայն կուրորեն կրկնել անցյալում ծեսը ստեղծող հայի գործողությունները, նրա աշխարհայացքը, աշխարհընկալումը փոխված է: Բայց, իմանալ, ծանոթանալ, ընկալել, փորձել հասկանալ՝ նրա իրավունքն է: Այս նպատակով էլ փորձում ենք գտնել միջոց, որը կկարողանա ներքաշել այսօրվա հային այդ գործընթացին:
Ծեսը խաղարկվում է ոչ թե մեկ տարիքային խմբում, այլ տարատարիք սովորողների, դասավանդողների, դասվարների, սաների, դաստիարակների, ծնողների հետ միասին: Մեծերը ստեղծում են ծիսական միջավայր՝ ծիսական պարագաներով, ծիսական կերպարներով, ծիսական գործողություններով, ծիսական կերակրատեսակներով, տարվա եղանակին բնորոշ մրգերով: Այդ միջավայրում  մանուկն ունի իր տեղն ու դերը, որտեղ խաղարկում է ծիսական գործողություններ, խաղում ինչպես ծիսական, այնպես էլ՝ մանկական խաղեր, որտեղ օգտագործվում են տվյալ ծեսին բնորոշ պարագաներ, ինչպես, օրինակ.  Ամանորին՝ ընկույզ,  Զատիկին՝ ձու,  Համբարձմանը՝ ծաղիկ, և այլն: Այսինքն, մանկանը ծեսի մեջ ներառելու լավագույն արդյունավետ միջոցը խաղն է:
Բնության մեջ ապրող երեխան ճարպիկ է, գործունյա, անվախ, ուժեղ, խելացի, սրամիտ, համարձակ և այլն, որովհետև միայն այդպիսի հատկություններ ունեցողը կարող է ոչ միայն գոյատևել այդ միջավայրում, այլև լիարժեք անդամը լինել, մասնակից լինել միջավայրի ինչպես ամենօրյա գործունեությանը, այնպես էլ իր անձնային հետաքրքիր որակներով այն փոխել, զարգացնել: Մանուկը ստեղծել է այնպիսի խաղեր, որտեղ օգտագործել և ցուցադրել է իր մտավոր և ֆիզիկական կարողությունները, ստեղծագործական երևակայությունը: Խաղի միջոցով լուծվում են խնդիրներ, որոնք կյանքը դնում է մանկան թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, թե՛ հոգևոր զարգացման ընթացքի վրա: Հենց այս պատճառով էլ խաղը դառնում է ծիսական միջավայրում ներառվելու միջոց: Ամեն տարիք իր չափով է ներառվում այդ գործընթացին, խաղում իր տարիքին բնորոշ հմտությամբ: Զարգանում է իրավիճակն ըմբռնելու  կարողությունը, մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը,  մկանների  լարումը, ինքնուրույն աշխատելու, վերլուծելու, համադրելու, շոշափելու, ուսումնասիրելու, իր դիտողությունները հաղորդելու կարողությունը, երևույթների մեջ կապ գտնելու, ճիշտ կողմնորոշվելու, շարժումներին տիրապետելու կարողությունը, հարստացնում է բառապաշարը և այլն: Ազգային ծեսերի խաղարկման մեջ մանուկը հիմնականում կարող է ընդգրկվել իր տարիքին համապատասխան ծիսական գործողություններ կատարելով, ծիսական և մանկական խաղեր խաղալով: Ծեսն ամբողջությամբ իմանալու, ըմբռնելու և իրենը դարձնելու համար, հարկավոր է անպայման մասնակից լինել, ներառվել նախապատրաստման գործընթացին, ծիսական միջավայրի ստեղծմանը, միասին պատրաստել ծիսական պարագաներ, ծիսական կերակուրներ, սովորել ծիսական ազգային երգեր, պարեր, ծեսի խաղարկման ընթացքում իմանալ իր դերը, գործողությունների այն բաժինը, որն իրենն է: Իսկ մեծերն էլ պետք է իմանան, որ այդ ամենը հավասարապես հարկավոր է բոլորին, ըստ այդմ էլ՝ բոլորը հավասար մասնակից են՝ իրենց կարողությունների սահմաններում: Այս դեպքում մանուկը, ինչպես նաև մեծը, կլինի ծեսն իմացող, կրող, փոխանցող:
Կարծում եմ՝ շատ կարևոր է այս ամենը ներմուծել ընտանեկան միջավայր, որտեղ սիրելի, հարազատ մարդկանց հետ մանուկը ավելի վստահ, համարձակ ու ազատ կգործի՝ ժառանգելով ամենակարևորը՝ ազգային մշակութային արժեքները:

Յուրաքանչյուր ծես ունի նախապատրաստման և իրականացման իր ընթացքը:
Ծեսի նախապատրաստման և իրականացման իմ փորձից.

Ազգային ծեսն ընտանիքում
Ազգային ծեսերին, խաղերին՝ նոր կյանք
Սուրբ Ծննդյան ավետիսներ, ամանորյա խաղեր
«Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում
Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: