Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում

IMG_4462-1

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում
 
Հանրակրթական դպրոցում երեխայի ներդաշնակ հոգևոր զարգացման կարևոր խնդիրներից մեկը ազգային մշակույթի յուրացումն է՝ավանդույթներ, ծեսեր, տոներ: Բնականոն կյանքով ապրելու պայմաններում ժողովրդական տոները կզարգանային, կփոխվեին հասարակական փոփոխությունների հետ համաքայլ: Դրանք չէին իմաստազրկվի, այլ նոր որակ, նոր ձև կստանային և կշարունակեին կատարել իրենց կարևորագույն դերը` մարդկանց համախմբելու, ազգային և մարդկային արժեքները պահպանելու:
21–րդ դարի սկզբին հայտնվել ենք մի տխուր փաստի առջև. մենք կորցրել ենք ազգային շատ կարևոր արժեքներ և փորձում ենք վերականգնել կորցրածը: Այս գործը պետք է սկսել վաղ հասակից, այսինքն` ծնված օրվանից: Երեխան  դաստիարակվում և սովորում է` յուրացնելով մեծերի փոխանցած մշակույթը: Եթե ընտանիքում, հասարակության մեջ  չի պահպանվել ավանդականը, ապա այդ գործն իր վրա է վերցնում պետությունը կամ կրթօջախը՝ սկսելով նախակրթարանից և շարունակելով մինչև դպրոցն ավարտելը: Սա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զարգացման ծրագրի պահանջներից մեկն է:
Ծեսերին նոր կյանք տալու համար  հարկավոր է նախ  շատ լավ յուրացնել ավանդականը, ճանաչել այն միջավայրը, որտեղ ստեղծվել են դրանք: Լավ իմանալ երգերն ու պարերը, ծիսական գործողությունները, պարագաները, դրանց խորհուրդն ու պատրաստման տեխնոլոգիան:  Ո՞ր գործողություններն են, որ կարելի է կատարել կամ փոքր-ինչ ձևափոխել կամ լրացնել նորով: Ո՞ր պարագաներն են, որոնք շատ լավ կմտնեն ժամանակակից  ծեսի մեջ կամ կստանան նոր ձև կամ էլ՝ նորերը կլինեն: Սրանք այն հարցերն են, որոնք առաջ են գալիս և որոնք լուծելու խնդիր ունենք:
Իհարկե, ծեսին նոր կյանք տալ` չի նշանակում ակունքից այնքան հեռանալ, որ այն դառնա ոչ թե ծես, այլ անհատ մարդկանց երևակայությամբ ստեղծված հիբրիտ` հնի ու նորի վատ սինթեզ:
Ծիսական հիմնական կարգը պետք չէ շփոթել տոնական մասի հետ: Յուրաքանչյուր ծես, ծիսական գործողություններից բացի, ունի տոնական մաս, որտեղ կատարվում են ինչպես ծիսական, այնպես էլ այլ ազգային երգեր, պարերգեր, պարեր:    
Ծրագրի նպատակն է՝ ծեսը, տոնը սովորողինը դարձնել, որ նա մասնակից ու փոխանցող լինի, որի իրագործման համար առաջարկվում է.

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նրան նոր կյանք տալ:

Ծեսերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո որոշում ենք՝ ինչ ճանապարհ են անցնելու սովորողները ծիսակատարությանը նախապատրաստվելիս.

  • ծանոթանում են ծեսի հետ,
  • հավաքում են տեղեկություններ տարբեր աղբյուրներից` մեծերից, ինտերնետից,
    գրքերից և այլն,
  • գրի են առնում
    ա. խաղիկներ,
    բ. առած – ասացվածքներ,
    գ. հանելուկներ,
    դ. հեքիաթներ, պատմություններ, ավանդություններ,
    ե. երգեր:
  • նկարում են

ա. ծիսական հերոսներին,
բ. ծիսական պատկերներ,

  • սովորում են ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, ասիկներ, օրհնանքներ,
  • ավանդական պարեր, պարերգեր,
  • պատրաստում են ծիսական պարագաներ,
  • խաղարկում են ծիսական գործողություններ,  ծիսական խաղեր,
  • բեմականացնում են երգեր,
  • կատարում են բնագիտական փորձեր,
  • գնում են ուսումնական ճամփորդության,
  • հորինում են հանելուկներ, հեքիաթներ, գովք, օրհնանք,
  • կազմում են մաթեմատիկական խնդիրներ,
  • գրում են նամակներ, բարեմաղթանքներ, վերապատմում, փոխադրում են իրենց տպավորությունները:

Սովորողը, քայլ առ քայլ, անկաշկանդ միջավայրում, ամենօրյա արդյունավետ գործունեությամբ, լիիրավ մասնակցությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, յուրացնում է ծեսը:

Ի՞նչ խնդիրներ են լուծվում.

  • նյութի յուրացում (լեզուն, մտածողության գեղարվեստական այլ արտահայտչամիջոցներ),
  • գիտելիքների, կարողությունների, դրսևորում և կիրառում
  • գեղարվեստական խոսքի մշակում,
  • տարբեր կարողությունների դրսևորում, հղկում, մի շարք հմտությունների ձեռքբերում, մշակում (լեզվական, թատերական),
  • գրական — գեղարվեստական ճաշակի զարգացում,
  • ինքնադրսևորում, ձերբազատում բարդույթներից:

Այս աշխատանքները նպաստում են.

  • երեխայի բառապաշարի հարստացմանը,
  • մտածողության ձևավորմանը,
  • ստեղծագործական երևակայության զարգացմանը,
  • ինքնուրույն աշխատելու ունակության ձևավորմանը,
  • բավարարվում է նրա ինքնահաստատման – ինքնադրսևորման պահանջը,
  • ձեռք է բերվում խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտություններ,
  • զարգանում է գեղարվեստական ճաշակը (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն),
  • ուսումնական մի շարք խնդիրներ են լուծում,
  • հնարավորություն են տալիս գնահատելու և յուրացնելու ազգային արժեքները,
    ավելի մոտիկից ճանաչելու իրենց ուսուցիչներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, հարազատներին:

Սովորողը  կիմանա                                               

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը, պարերգերը
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական կերակրատեսակները,
  • ծիսական պարագաները:

Սովորողը կկարողանա

  • պարել ազգային ավանդական պարեր,
  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր, պարերգեր
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • պատրաստել ազգային ծիսական կերակրատեսակներ, 
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել:

Սովորողը կլինի 

  • Ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:

Միջառարկայական կապը ծեսի նախապատրաստական շրջանում և իրագործելիս

Երաժշտություն – գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ժողովրդական երգեր, պարերգեր:

Պար — գիտեն և կարողանում են կատարել ծիսական և այլ հայկական ավանդական  պարեր:

Մայրենի  — գիտեն ծեսը, ծիսական ավանդություններ և զրույցներ, ասույթներ, առած-ասացվածքներ, բանաստեղծություններ, կարողանում են խաղարկել ծիսական գործողություններ, կարողանում են պատմել  իրենց կատարածը, գեղարվեստորեն ներկայացնել, ինքնուրույն խաղարկել ստեղծագործական մոտեցում պահանջող ծիսական գործողություններ (օրինակ՝ Բարեկենդանի ծեսին):

Մարմնակրթություն գիտեն և կարողանում են խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր:

Բնագիտություն  — կարողանում են պատրաստել ծիսական բուսական պարագաներ (օրինակ՝ զատկական ածիկ), գիտեն այն բույսերը, որոնք օգտագործվում են ծեսերին և ունեն դրանց մասին, այդ տարիքին համապատասխան, գիտելիքներ:

Ձեռարվեստ, կերպարվեստ  —  պատրաստել ծիսական պարագաներ, այդ թվում՝ հանդերձանք, կատարել նյութի ընտրություն:

Խոհանոց  — պատրաստել ազգային ծիսական և այլ կերակրատեսակներ:

Մաթեմատիկա  — կարողանում են հաշվել կերակրի համար նախատեսված մթերքը, պարագաներ պատրաստելու համար՝ չափել նյութը, հաշվել գնումները (մետր, սանտիմետր և այլն, կիլոգրամ, գրամ և այլն, դրամ):

Оставьте комментарий