Համբարձման ծեսը նախակրթարանում

IMG_3644

Ուղղորդվելով  «Համբարձման ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագծով, փորձել իրականացնել Համբարձումը նախակրթարանում :

                 Համբարձման ծիսակատարության օրինակ

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողություն` ծաղկահավաք, գովք, վիճակ:

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

Կաթնապուր

Հաջորդ օրը դպրոցի խոհանոցում վաղ առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը, պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»

Համբարձման օրը, առավոտյան պատարագից  հետո, աղջիկների խումբը, «Ծաղկամոր» տիկնիկը ձեռքերին, մտնում էր բակերը, երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց  ծաղկեփունջ ու փարչի «աստղունք» դրած ջուր նվիրում` փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Տղաներն էլ, նույն նպատակով, «փնջում» էին եզը կամ կովը (զարդարում էին ծաղիկներով) և նույնպես  պտտվում  տնետուն:

Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:

Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»

Անհրաժեշտ պարագաներ.

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),
  • ծաղկեպսակներ,
  • վիճակի սափոր,
  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ:  Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:

Համբարձման ծիսական արարողությունն իրականացնելու համար նախատեսված երգեր

«Կաքավիկ» երգարանից.

Վիճակի երգ – 82 էջ
Հո՜յ, Մայրամ – 55 էջ
Հե՜յ, իմ Նազան – 35 էջ
Այ, արևը – 12 էջ

Երգերի ձայնագրությունը՝ քոլեջի «Երգարան» բաժնում

  Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Անհրաժեշտ պարագաներ. ճեռեր, կարկաչաներ, զանգակներ, պզզացող մանկական խաղալիքներ:

Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում  4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով  ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

Վիճակի խաղիկներ 

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
    Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են բացականչությունով.

  • Հարս, հան վիճակն ի բարին:)

Վիճակի երգ  

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հո՜յ Մայրամ 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Համբարձումը թիվ 47 նախակրթարանում 

«… Եթե Զատկի տոնին առանձնանանում, զատվում են բնության գույները, ավարտվում ցանքի աշխատանքները, ապա Համբարձմանն ակնկալվում է ցանված բերքի աճն ու փթթումը: Այդ նպատակով ժողովուրդը դուրս է գալիս դաշտերը և երգ-պարով, ուրախություներով սիրաշահում Մայր բնությանը: Համբարձումը բնության բեղունության ու արբունքի, բուսականության աճի տոն է: Այն համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ, այսինքն` այն պահի, երբ երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում և Աստծուց ու բնությունից ակնկալում հատուցում:

Տոնի մյուս կարևոր խորհուրդը. այդ օրն արգելվում է արյուն հեղել` կենդանու զոհ մատուցել, որը դարձյալ բնությանը սիրաշահելու, կենդանիների բազմացման միտում ունի:»

Ուսումնական նախագծի մշակման ի իրականացման կարգ

Оставьте комментарий