Խաղողահավաք, գինու պատրաստման ծես Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում

Խաղողահավաք, գինու պատրաստման ծես Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում

Նպատակ.  «Սարալանջի խաղողի այգի» նախագծի  շրջանակում մասնակցել խաղողաքաղին, ձեռք բերել  խաղող քաղելու և մշակելու հմտություններ, այդ հմտությունները կիրառելով՝ ստեղծել մեր Սարալանջյան խաղողի այգին և փորձել խաղողագործությունը՝ որպես մշակույթ, բերել հանրակրթություն:

Հոկտեմբերի 13-ին Քոլեջի և Ավագ դպրոցի դասավանդողների և սովորողների խումբը մեկնեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ՝ իրականացնելու խաղողահավաք, գինու պատրաստման ծես: Շատերն առաջին անգամ էին մասնակցում խաղողաքաղին, այդ թվում՝ ես: Դե, պետք է ինքդ կատարես աշխատանքը, որ տիրապետես խաղողաքաղի հմտություններին, իմանաս՝ որ ճութերը քաղես, ուշադիր լինես, տերև, խոտ չխառնես, չորացած և կանաչ հատիկները հեռացնես: Բոլորս իսկապես հավեսով աշխատեցինք՝ համախմբված, բարձր տրամադրությամբ, երգելով, իրար օգնելով, աշխատանքը ճիշտ կազմակերպելով, խաղող ուտելով: Հավաքեցինք 2 տոննա և ուղևորվեցինք Աղավնաձոր, որտեղ պետք է կատարեինք հաջորդ աշխատանքը՝ խաղողի ճզմում: Ինչ խոսք, այնքան էլ հեշտ չէր, բայց աշխատանքը կատարեցինք լիարժեք, որն ուղեկցեցինք  ծիսական երգերով, ազգային պարերգերով՝ հաղորդելով բոլորիս աշխատանքային ուրախ, բարձր տրամադրություն:
Հողի մշակը իր մշակույթն է ստեղծել, որի մեջ բավական լուրջ ու սիրով ներկայացրել է իր աշխատանքը՝ բոլոր մանրամասներով: Իսկ մենք կարո՞ղ ենք այդ մշակույթը շարունակել՝ ստեղծելով մեր երգը, բանավոր խոսքը, որտեղ արտացոլված կլինի աշխատանքից ստացած այն հուզական ու ֆիզիկական բերկրանքը, որը փոխանցում է հողը, բույսը, արևը, աշխատանքը:

P.S. Իմ անհոգնել Լիլիթի ցանկությունը. «Էլի եմ ուզում գնանք խաղող հավաքենք ու էլի գինի սարքենք»:

Оставьте комментарий