«Ուսումնական Գյումրի» նախագիծ

IMG_2749

«ԾառզարդարԶատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ

Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Զատկական խաղեր

Ծառզարդար- Զատիկ ծես

Ծաղկազարդի օրվա մանկանց  ծիսական երթը

Սաների մի խումբ այցելում է խմբերից մեկին՝ Զատիկի ծեսի համար հատկապես ձվեր հավաքելու նպատակով: Ընդունող խումբը նախօրոք պատրաստում է հյուրասիրությունը՝ չներկած ձվեր, «հատիկ», քաղցրավենիք, ընդեղեն, խնձոր, և այլն: Խմբի սաների ձեռքերին կան ճյուղեր, կարկաչաներ, ճեռեր, փոքրիկ դույլեր: Նրանք դիմում  են տանտերերին.

  • Ծառզարդար, Ծառզարդար, ձեր տուն էկանք, Ծառզարդար:
  • Զարդ, զարդ, ծաղկազարդ, գարնան գովք ու զարդ, Ծաղկազարդ ու Ծառզարդար:

Ապա հերթով ասում են բարեմաղթանքներ, ինչպես նաև՝ մանկական «զգուշացնող, վախեցնող» հղումներ: Օրինակ՝

  • Ով մեր փայը տա` զիզի բարձին նստի:
  • Ով էլ չտա` չոր քարին նստի:
  • Ով մեր փայը տա` դալարի շեն մնա:
  • Ով էլ չտա` սլարի, մուկն էլ իրենց թթուն ընկնի:
  • Հատիկ տվեք էս օրվան, հավկիթ տվեք Զատկվան:

Կարող են ինքնուրույն ստեղծել այլ հղումներ, օգտագործել այլ աղբյուրներից գտած նմուշներ: Այդ ընթացքում կարող են երգել «Կարկաչա» ծիսական երգը, որը ոչ թե սկզբից մինչև վերջ է կատարվում, այլ փոքր հատվածներով, այն պահին, երբ հարմար է կամ անհրաժեշտ:
«Տանտերերը», որոնք նախօրոք պատրաստել են հյուրասիրություն, հերթով դնում են սինիների և դույլերի մեջ:  Երեխաներն էլ իրենց հերթին տանտերերին նվիրում են ուռենու օրհնված ճյուղեր, որոնց վերագրվում էր չարխափան, առատացնող զորություն:

Դրանցով մեկը թեթև խփում է մյուսի մեջքին և ասում.

  • Մեջքը տեղը, կամքը` տեղը:
  • Քամու տեղ, սրտի դեղ:
  • Թող բոլոր հիվանդություները մեզանից հեռու մնան:
  • Եվ այլն: 

Այլ օրինակներ.

  • Ով որ չտա իմ երկու ձուն,
    Մուկն ու կատուն` իրենց թթուն,
    Ով որ կտա իմ երկու ձուն,
    Աստված պահե իր փեսացուն:

Իմ կարմիր հավին հավկիթը դուրս բերեք,
Ով որ բերե` շեն մնա,
Ով չբերե` հավի փորին դեմ կենա:

Ով որ ընձի հավկիթըմ տա`
Աստված իրեն հազար թող տա:

Իրենց բաժինը ստանալով՝ օրհնում են «տանտերերին».

  • Օրհնվեք, յոթը որդով սեղան նստեք:
  • Հազար էսպես սեղան նստեք,
  • Ու ձեր մինը հազար դառնա,
  • Դռներդ միշտ բաց կենա,
  • Օջախներդ վառ մնա,
  • Էսպես առատ սեղաններ
    Ձեզնից ամեն մինն ունենա:

Զատիկ

Զատիկն ասել է. «Հենց գամ` արմանաս, հենց գնամ` զարմանաս»: 

Ուտիս տատի և Ակլատիզի հանդիպումը

Ուտիս տատի երգը.

  • Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
    Ամեն մարդու դեղ ունեմ,
    Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
    Բալիկներիս ախորժակի դեղ ունեմ:

Ուտիս տատը համոզում է Ակլատիզին, որ որքան էլ վերջինս ճիշտ է արել, որ թույլ չի տվել շատակերություն, անկարգություն, բոլոր դեպքերում մանուկը մնում է մանուկ, թող երբեմն անմեղ մանկական անկարգություն անեն, մի քիչ էլ շատ ուտեն, չէ՞ որ նիհարել են: Ակլատիզն արդարանում է, ասելով, որ չնայած նիհարել են, բայց առողջ են: Ուտիս տատն էլ հորդորում է, որ Ակլատիզը թաթախվի մածնի մեջ, ելնի կտուրը, թևեր առնի, թռչուն դառնա, թռչի, գնա:
Երեխաներից մի քանիսը մոտենում են Ակլատիզին, բռնում ձեռքերից ու տանում մի կողմ, որտեղ մի քանի երեխա շրջան են կազմել և դարձել «թաս», որի մեջ «մածուն» կա: Ակլատիզին մտցնում են շրջանի մեջ: Շրջանը փոքրանում է, Ակլատիզ — Խուլուճիկը կքանստում է: «Թաս» երեխաները ձեռքերը առաջ են բերում ու ծածկում են Ակլատիզին: Քիչ անց շրջանը բացվում է, Ակլատիզը թռչունի նման թևերը թափահարելով` հեռանում է:

Երեխաները բացականչում են.

—           Չիք, չիք, Ակլատիզը չիք:
Մեծ պասն անցավ, գոլ էլավ, Ակլատիզը թոլ էլավ:

Ուտիս.

—           Հողմը փչեց ի հարավեն,
Ազատվեցին դաշտք ձյուներեն,
Բերկրություն է ամեն տղոց.

Բոլորը.

Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Մեզ և ձեզ մեծ ավետիս:

Երգում են «Սուրբ Աստված սուրբ» հատվածը Պատարագից:
Երգում և պարում են զատկական Յալալի պարերգը:

Շարունակում են ուրախ երգ ու պարով, ձվախաղերով:

Խաղեր կարկաչայով

ա. «Անձրև»

Կարկաչաներով սկսում են կամաց շրխկացնել -անձրևը նոր է սկսվում:
Հետզհետե  ուժեղացնում են շրխկոցները — անձրևը ուժեղանում է:
Շրխկոցներին միանում են ոտքերի հարվածները — անձրևը շատ ուժեղ է:
Ոտքերի հարվածները դադարում են, կարկաչաները հետզհետե մեղմացնում են շրխկոցները: Քիչ անց անձրևը դադարում է: Շարունակում են միայն կլթկլթացնել լեզվով` հետզհետե դանդաղեցնելով ու կամացացնելով:

բ. «Կարկաչա»

Երկու երեխա կանգնում են իրար դիմաց, ձեռքերը պահում  կրծքի ուղղությամբ, արմունկները ծալած, ձեռքերի ափերը նայում են իրար: Երեխաները ձեռքերը այդ դիրքով մոտեցնում են իրար: Նրանցից մեկի ձեռքը հայտնվում է մյուսի ձեռքերի մեջտեղում, իսկ մյուս ձեռքը «նայում» է դիմացի երեխայի ձեռքի հակառակ երեսին:

— երեխաներից մեկը ծափ է տալիս՝ ափերի մեջ առնելով դիմացի երեխայի ափն ու հակառակ երեսը.
— նույնն անում է մյուս երեխան:

Խաղում են «Կարկաչա» երգի ուղեկցությամբ` երգի ռիթմով:
Կարելի է խաղալ նաև այլ ռիթմիկ երգի կամ երաժշտության ուղեկցությամբ կամ առանց երաժշտության:

գ. «Ձվերն ու կարկաչաները»

  • Երեխաները բաժանվում են ձվերի ու կարկաչաների:

Ձվերն ընտրում են իրենց համար գույներ: Երեխաները որոշում են, թե ինչ ռիթմով և ուժգնությամբ պետք է շրխկացնեն յուրաքանչյուր գույնը: Հերթով առաջ են գալիս ձվերը, կարկաչաների խումբը, հիշելով գույնի համապատասխան ռիթմը, շրխկացնում է: Խաղի ընթացքում դերերը կարող են փոխվել:
Կարելի է խաղալ նաև հակառակ հերթականությամբ: Կարկաչաների խումբը շրխկացնում է որևէ գույնի ռիթմիկ պարկերը, ձվի համապատասխան գույնն առաջ է գալիս և, շարունակվող ռիթմի տակ, կատարում ռիթմիկ շարժումներ:
Ամեն անգամ խաղալիս ըստ ցանկության կարելի է փոխել գույների ռիթմիկ կառույցը:
Բացի կարկաչաներից կարելի է օգտագործել այլ շրխկաններ, ինչպես նաև «բնական» հարվածային ձայներ:

  • Խաղ ուռենու օրհնված ճյուղերով

Երեխաները դանդաղ, հանգիստ քայլերով, ուռենու ճյուղերը գլխավերևում ճոճելով, գալիս են ու շրջանով պտտվում: Ընթացքում կազմում են զույգեր: Շրջանը ուղիղ գծով շարվում է, զույգերը դառնում են դեմքով իրար` երկու քայլ իրարից հեռու և ճյուղերով կազմում կամար: Վերջին զույգը անցնում է կամարների տակից և, առաջանալով, կանգնում շարքի դիմաց  նախկին դիրքով: Նույնը կրկնում են մյուս զույգերը: Վերջին զույգի անցնելուց հետո, քիչ-քիչ հեռանալով, կազմում են շրջան ու, թևերը կռունկների նման հանգիստ թափահարելով, շրջանով պտտվում: Այդ ընթացքում մի քանի երեխա հանգիստ զնգացնում են զանգակները, շրխկացնում կարկաչաներն ու փայտիկները: Նրանք կամ կանգնած են կամ էլ նույնը կատարում են մյուսների հետ:

  • Բալուում խաղում էին Ծաղկազարդին բնորոշ խաղ:

10 – 12 տարեկան տղաները նախապես հավաքում էին ուռենու կամ բարդու երկար ձողեր, կարմիր ներկում դրանք: Խաղացողներից մեկը իր ձողը շեղակի դեմ էր անում պատին, մյուսն իր ձողով հարվածում էր: Կոտրվածը հաղթողին էր բաժին ընկնում: Կոտրվածները պահում էին Զատիկի թանապուրի տակ այրելու համար:

Անհրաժեշտ պարագաներ – թռչունների տիկնիկներ, պատրաստած ծառ կամ ծառի ճյուղեր:

Սուրբ Հարության տոն. Զատիկ

Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը

Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: 2-5 տարեկանների դեպքում կարիք չկա մրցույթ կազմակերպել: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության  փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Ով դիպուկ կնետի Ակլատիզի փետուրը

Ակլատիզի փետուրի ծայրին գնդիկ են ամրացնում և փորձում նետել նախօրոք գծված գծից այն կողմ կամ շրջանի մեջ: Կախված սանի տարիքից և ֆիզիկական կարողությունից, նետելու հեռավորությունը կարելի է կարճել կամ հեռացնել:

Անհաղթ աքլորը

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Ամենաուժեղ թռչունները

Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝ մրցակիցներով երկու կողմից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:
Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:
Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝ ձուն:
Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ սովորողների հետ:

Արագաշարժ թռչունները

Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը: Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով), կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:

Ճարպիկ թռչունները

«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ «թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում և դրա մեջ մասնակիցների թվից մեկով պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե, բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա, ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:

Արագակեր ձագուկը

Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը: Դպրոց-պարտեզում կերակրող մոր դերում կարող է լինել կրտսեր դպրոցի սովորողներից:
Հրահանգն առնելուն պես թռչնամայրերը մեկական ձու են վերցնում, արագ մաքրում, փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ ձագին կերակրում: Նա, ով արագ կերավ, հաղթում է: Ընդ որում, կերակրող մայրը ձագուկին իրավունք չունի պատառ առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում:

Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

Զատկական խաղերի հիմքում ընկած են Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքի «Զատկի տոնի ձվախաղեր» բաժնի խաղերը, որոնք ձևափոխված են և հարմարեցված 3-5 տարեկան սաների տարիքային խմբին:

Ավագ  շաբաթվա խաղեր

Մեծ պասին վերջին մեկ շաբաթը կոչվում է «Ավագ կամ Մեծ շաբաթ»: Այդ օրերին եկեղեցին հիշատակում է Հիսուսի երկրավոր կյանքի վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքը, խաչելությունն ու թաղումը: Սրան զուգահեռ հասարակ ժողովուրդն ուներ իր արարողությունների կարգը: Ավագ շաբաթվա օրերից յուրաքանչյուրն ուներ իր անունը և, ըստ այդմ, իր բնորոշ դեմքը:

Երկուշաբթին    ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային:

Երաժշտական  խաղ «Ջրաղաց»

Երեխաներից մի քանիսը դառնում են ջրաղացի պտտվող անիվ, ձախ ձեռքերը իրար ուսի վրա դնելով, թեթև, կամաց վազքով  պտտվելով, ռիթմիկ վանկարկում. «Գառ, գոռ, գուռ»: Նույն քանակով «ջուր» երեխաներ, մի փոքր հեռավորության վրա, իրար հետևից շարված, կանգնած են: Նրանցից յուրաքանչյուրը բռնում է անիվ դարձած երեխաներից մեկի աջ ձեռքից, իսկ ձախով ցուցադրում է անիվի պտտվելու շարժումը: Երեխաներից մի քանիսը կազմում են շրջան, դառնում «ջրաղացի քար» և մի փոքր հեռավորության վրա կանգնում: Երբ «ջրաղացի անիվը» սկսում է պտտվել, ջրաղացի քար դարձած երեխաները, ձեռքերն իրար ուսի վրա դրած, պտտվում են ու ռիթմիկ  վանկարկում. «Չախկ, չոխկ, չուխկ»` միաժամանակ ռիթմիկ հարվածելով ոտքերով: Քիչ անց ջրերն ու անիվը դառնում են ցորեն և մոտենում  ջրաղացքարին: Վերջինս  տեղում կանգնելով և շարունակելով վանկարկումը, մի տեղ է բացում ցորենի համար: Ցորենը, վանկարկելով «Թափ, թոփ, թուփ», մտնում է շրջանի մեջ: Ջրաղացքարը միանում և շարունակում է պտտվել: «Ցորեն» երեխաները ցուցադրում են ցորենի աղալը: Քիչ անց քարը նորից կանգնում է` չդադարեցնելով վանկարկումն ու քայլքը: Այս անգամ, վանկարկելով «Փառ, փոռ, փուռ», դուրս է «թափվում» ալյուրը:
Խաղի ընթացքում կարող են օգտագործվել համապատասխան  հնչողությամբ հարվածայիններ կամ շրխկաններ:

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմարիմաստունի վիճակը քաշելու օրն էր:

Խնոցին հա հարեմ

Խաղում են զույգերով: Երեխաներից մեկը թեթևակի շալակում է մյուսին ու, գոտկատեղից վերև ընկած հատվածով  ռիթմիկ առաջ ու հետ շարժում կատարելով, ասում.

Խնոցին հա հարեմ,
Շալակեմ՝ սար հանեմ:
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ,
Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ տանեմ,
Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

Կարելի է նույնն անել` ասելով.
– Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

 

«Խնոցի, հարոցի» – 1

Խաղում են.

ա. Երկուսով (ցանկալի է՝ դաստիարակները), յուրաքանչյուրը աջ ձեռքով բռնում է իր դաստակից: Կանգնում են իրար դիմաց, յուրաքանչյուրը ձախ ձեռքով բռնում է դիմացինի աջ  դաստակից: Նրանք դառնում են ճոճանակ: Մի փոքր երեխա նստում է նրանց ձեռքերին, իր ձեռքերով փաթաթվում նրանց վզին, իսկ նրանք տարուբերում են ու արտասանում կրկնակն ու առաջին տունը: Վերջին տողն ասելիս, իջեցնում են երեխային ու, ծափ տալով, ասում. «Տփեցի»: Ապա հերթով կարող են թվարկել ներկաների անունները, որնց կամ «տփում» են կամ՝ տալիս (տվեցի):

Տեքստը կարելի է շարունակել «բ» տարբերակով:

բ. Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով  խնոցու ետուառաջ  գնալ – գալու շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ շարժումով առաջ  ու ետ տանելով, ասում են.

կրկնակ.
Առաջինը – Խնոցի,
Երկրորդը – Հարեցի:
Միասին –   Հոփփը, լըփփը (կրկնում են  2 անգամ)
Զըմփը, դըմփը (2 անգամ)
Ծափը, ծըփը(2 անգամ)

  1. – Խնոցի,
    – Հարեցի.

Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:

  1. -Խնոցի, խնոցի,
    Գցեցի ու բռնեցի,
    Տարա – բերի` զարկեցի,
    Հրեցի, չխչփեցի,
    Հարեցի, հա, հարեցի,
    Դեղին կարագ հանեցի:
  1. – Խնոցի,
    – Հարեցի.
    Լըփը, ըփը, լըրընգա,
    Դե տար, դե բեր, տըրընգա.
    Թև տու, թև առ,
    Զըրընգա:

կրկնակ.-

Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի ավարտից անմիջապես հետո, երգում են  «Հարի, հարի, խնոցի» երգը:

  «Խնոցի, հարոցի» – 2

Երկուսով կանգնում են մեջք – մեջքի, թևերն հագցնում իրար մեջ: Նրանցից մեկը թեքվում է առաջ` մյուսին շալակելով ու ոտքերը գետնից կտրելով: Նույնն էլ անում է մյուսը: Խաղում են ռիթմի մեջ` ասելով.

  • Խնոցին հա հարեմ,
    Շալակեմ` սար հանեմ:
  • Խնոցին հա հարեմ,
    Շալակեմ` գետն անցնեմ:
  • Խնոցին հա հարեմ,
    Շալակեմ` դաշտ  տանեմ:
  • Խնոցին հա հարեմ,
    Կաթ ու մածուն կերցնեմ:

Կարելի է նույնն անել` ասելով.

-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

Չորեքշաբթի  հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդությունկեղտ «չիք են արել»:

Շուշեցի աղջիկները այդ օրը խաշխաշ հարելու քարը գետնին են քսել ու ասել.

Չիք, չիք, մուկը չիք,

Չիք, չիք, լուն չիք,

Չիք, չիք, կարիճը չիք,

Չիք, չիք, չարակամը չիք,

Չիք, չիք, հիվանդությունը չիք,

Չիք, չիք, օձը չիք..

«Չիքչիք,  աղամ»

Խաղը կարելի է խաղալ.
ա. երկու խմբով,
բ. մեկը հարցնում է, մյուսը՝ պատասխանում,
գ. դաստիարակը, դասվարը, խաղավարը հարցերի միջոցով պարզում է՝ ի՞նչն է խանգարում սանին, սովորողին, ի՞նչը չէին ցանկանա, որ լիներ:

Առաջին խումբ – Չիք, չիք, ի՞նչը չիք:
Երկրորդ խումբ – Չիք, չիք, կծան շունը չիք:
Այսպես հարց ու պատասխանով խաղում և «չիք» անում (չքացնում, ոչնչացնում) այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող, չար:
Նույնը խաղում են` աղալով այն ամենը, ինչ համարում են վատ, իրենց խանգարող:
Երեխաներից մեկը վերցնում է երկու հարթ քար, շրջանաձև քսում իրար և հարցնում.
— Աղամ, աղամ, ի՞նչն աղամ:
Երեխաներից մեկն ասում է.
— Վախկոտությունը:
Քարերը իրար շրջանաձև քսելով իրար, երեխան ասում է.
— Աղամ, աղամ, վախկոտությունն աղամ:
Վերջին բառերը կարող են ասել նաև խմբով:
Աղում և չիք են անում վախը, սուտը, աղբը, ցուրտը և այն ամենը, ինչի գոյությունը չեն ցանկանում:

Оставьте комментарий