Հեռավար — առցանց ուսուցում. օր չորրորդ. ազգային մանկական խաղեր՝ «Մամի, մամի, կրակ կտա՞ս», Ծափխաղ

Ընտանեկան նախագիծը՝ Մարինե Մկրտչյանի 

Մանկական մատնախաղ՝ «Մամի, մամի, կրակ կտա՞ս», Ծափխաղ, կատարում են Լիլիթ, Եվա Ալեքսանյանները:

Մամի – մամի

ա. Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը ձեռքերի մատները մի փոքր իրարից հեռացրած, ձեռքերի մատների ծայրերը պահում են իրար դիմաց և հպում իրար` պատկերելով թոնրի ձև: Մյուսը, ցուցամատը դնելով դիմացի խաղընկերոջ ճկույթների միացման տեղին, ասում է.

— Մամի, մամի, կրակ կտաս՞: (կամ «Նանի, նանի, կրակ տուր:»)
— Ելի վերի թարեքը (թաղը, թառը): 

Այսպես կրկնվում է` բարձրանալով մինչև ցուցամատ: Հասնելով ցուցամատին (թոնրի շրթին), ասում է.

— Մամի, մամի, որ կաթը դնեմ թոնիրը` տաքանա, հո շուն չկա՞:
— Չկա, չկա:

Խաղացողը ձեռքը` իբրև կաթ, իջեցնում է «թոնիրը»: Թոնիրը ցուցադրող երեխան արագ փակում է թոնիրը` ասելով.

—  Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ:

բ. Նույն խաղում են` վերջում ասելով.

—  Հաց որ թխեմ` հո շուն չկա՞:
—  Չկա՜, չկա՜:

«Հաց թխողը» ծափ է տալիս և աջ ձեռքով «հացը խփում» թոնրի աջ շրթին: Նույնը կատարում է` խփելով ձախ շրթին: «Թոնիրը», որսալով հարմար պահ, արագ փակվում է` բռնելով խաղացողի ձեռքը և ասում.

—  Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ:

Ծափխաղ

ա) Ափերը դեպի վեր, արմունկները գոտկատեղի մոտ: Աջ ձեռքի ափով թեթև  հարվածել (ծափ տալ) ձախ ձեռքի ափին, մի փոքր բարձրացնել, շուռ տալ և ձեռքի հակառակ երեսով թեթև հարվածել ձախ ափին: Ձախ ձեռքը հանել աջի տակից և կատարել նույնը ձախ ձեռքով: Կատարելիս կարելի է երգել կամ որևէ խաղիկ ասել:

բ) Խաղը կատարվում է նաև զույգով: Կանգնում կամ նստում են իրար դիմաց, ձեռքերի դրությունը նույնն է: Խաղացողներից առաջինը աջ ձեռքի ափը պահում է վեր, մյուսը աջ ձեռքի ափով թեթև հարվածում է առաջինի աջ ձեռքի ափին և, մի փոքր բարձրացնելով, շուռ տալիս և ձեռքի հակառակ երեսով նորից թեթև հարվածում առաջինի աջ ափին: Երկրորդը շարունակում է առաջինի հետ՝ իր ձախ ձեռքով: Եվ այսպես շարունակ:

Оставьте комментарий