«Իսկական հարսանիք Ագարակում» նախագիծ. Յոթնօրյա ծես, երկրորդ օր

«Իսկական հարսանիք Ագարակում» նախագիծ. Յոթնօրյա ծես, օր երկրորդ

Հարսանեկան պատում. Ծաղկոց (Փնջատուն), հարսանիք. ներկայացնում է Ռիտա Մաթևոսյանը՝ ծնունդով Արթիկի մարզի Նոր Կյանք գյուղից 

IMG_5551

Հորաքրոջս՝ Լեյլի Մկրտչյանի պատումը. Փնջատուն
Հարսանիքի նախորդ օրը Փնջատան ծիսական արարողակարգն է: Նորահարսը,  ընկերուհիները, քույրերը հավաքվում են հարազատներից կամ ընկերուհիներից մեկի տանը: Հիմնականում երգերով գովում են նորահարսին, կատարում են պարերգեր, վերհիշում մանկության, պատանեկության տարիների հետաքրքիր, ծիծաղաշարժ դեպքեր, պատմում են հետաքրքիր պատմություններ: Աղջիկներից ոմանք խոստովանում են՝ ում են սիրում կամ ով է իրենց սիրում: Ապա նորահարսին լողացնում են, սանրում մազերը՝ ուղեկցելով գովքի երգերով: Այդ ընթացքում գցում են սեղանը, որի պատրաստության գործում օգնում են աղջիկները:  Այս ամենը տևում է մինչև ուշ գիշեր:
Հաջորդ օրը առավոտյան այս խումբը գնում է աղջկա մոտ հարազատներից մեկի տուն, ով նախօրոք իր տնից հարսին հանելու որոշման մասին տեղեկացրել է նորահարսի հարազատներին և ստացել հարազատների համաձայնությունը: Մինչ այստեղ նորահարսին հագցնում են՝ մեկիկ-մեկիկ գովելով շորերը, դրսում ջահելները պար են բռնում՝ պարերգերով: Այս պարերգերի մեջ մեծ տեղ են գտնում հատկապես երկխոսությունները, որտեղ կամ իրար սեր են խոստովանում, կամ՝ «դաղում» կամ՝ կատակում: Հարսի շորերը հագցնելուց պետք է շատ ուշադիր լինեին, որ հատկապես կոշիկը «չգողանային»: Այս դեպքում քավորը պետք է գումար տար՝ այն ետ ստանալու համար: Իհարկե, միշտ էլ գտնվում էր մեկը, որը կարողանում էր տանել կոշիկը, որն  ուրախ, զվարճալի երկխոսություններից, բացականչություններից հետո, վերադարձնում էին: Երբ հարսը հագնված, պատրաստ էր, ներս էին հրավիրում փեսային, որը բարձրացնում էր հարսի քողը, համբուրում նրան: Բայց, երբ զույգը փորձում էր դուրս գալ, հարսի եղբայրը (հարսնաղբերը) դանակ էր խրում դռան մեջ՝ փակելով ճանապարհը: Քավորը գումար էր տալիս, որից հետո միայն դուռը բացվում էր: Այստեղից երգ ու պարով հարսանքավորը գնում էր հարսի տուն:

Оставьте комментарий