«Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագիծ

IMG_20220423_124548
«Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց»

«Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»  նախագիծ

Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում:

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմեր ծլելով, կստեղծեն հետաքրքիր միջավայր՝ ձևավորելու յուրօրինակ զատկական կոմպոզիցիա: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Զատկական խոհանոցը, բացի ծիսական լինելուց, ցանկալի կլիներ ձևավորված լիներ ազգային կոլորիտով (Զատիկը Քոլեջում — տեսաֆիլմի սկիզբը): Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Մեծ Պահքի ընթացքում Ակլատիզի ծիսական կերպարին բնորոշ տիկնիկը կախված է լինելու որևէ հարմար տեղում, որի փետուրներից պահքի յուրաքանչյուրը շաբաթվա վերջին օրը դուրս քաշել, նշելով՝ պահքի որ շաբաթը վերջացավ, ինչ խորհուրդ ուներ անցնող շաբաթը և ինչ խորհուրդ ունի եկողը:

Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար:

Ծեսը ամբողջական է իր նախապատրաստական և անցկացման փուլերով: Հիմնականում նախապատրաստական շրջանն ավելի հետաքրքիր  ու բովանդակալից է լինում բուն ծեսից: Ցանկալի է՝ ծիսական ամբողջական գործընթացը տեսագրել, հոդվածի տեսքով ներկայացնել, որ բոլորի համար ոչ միայն հասկանալի լինի ծեսի կարևորությունը, անհրաժեշտությունը, այլև ցանկալի լինի ներառումը, մասնակցությունը:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

  • նախապատրաստական շրջան՝ ծեսից երկու շաբաթ առաջ
  • իրականացում՝ զատկական ծեսին, ծեսից հետո՝ մեկ, երկու-երեք շաբաթվա ընթացքում (Կանաչ – կարմիր կիրակին կամ Կրկնազատիկը  բուն Զատիկին հաջորդող կիրակին է, դրան հաջորդում են Կանաչ, ապա Կարմիր կիրակիները):
    Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

                               Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ

Զատկական երգեր

Оставьте комментарий