«Իսկական հարսանիք Ագարակում» նախագիծ. Յոթնօրյա ծեսի առաջին օրը


«Իսկական հարսանիք Ագարակում» նախագիծ. Յոթնօրյա ծեսի առաջին օրը

Ազգային ծեսերն իմ տարերքն են, անընդհատ փնտրտուքի մեջ եմ՝ ինչպես վերականգնել, կյանքում իրականացնել, եթե ոչ իր սկզբնական տեսքով, գոնե արդի հայի կեցությանը, մտածողությանը,  հոգեբանությանը, հավատքին, և այլն, հարիր: Ու երբ որոշվեց իրականացնել կրթահամալիրի Ագարակի հիմնադիրներ, իսկական «տերեր» Խորեն Հազարումյանի և Լուսինե Աբրահամյանի հարսանեկան ծեսը, ես բոցավառվեցի: Հարկավոր է լուրջ ուսումնասիրել հայկական ավանդական ծեսը, ծիսական գործողություններին համապատասխան երգեր գտնել, սովորել չիմացածը, դրանք դարձնել բոլորին հասանելի: «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն» նախագծով կային հարսանեկան ծիսական երգեր, որոնք առաջին հերթին ընդգրկվեցին՝ «Այն վերի գլխախնձոր», «Թագվոր, քո ձիուն», «Օրհնե Հիսու՛ս, օրհնե Քրիստո՛ս», «Նա լուս էր, ինչ լուս ելավ», «Գնացե՛ք, ասե՛ք, թա՛գվորամեր», «Սարեն կուգաս»: Էլ ի՞նչ նախագծային աշխատանք, եթե հնարավորության դեպքում չեն կիրառվելու: Կրթահամալիրում իրականացված Տյարնընդառաջի (նորապսակների օրհնության օր), Բարեկենդանի (ծիսակարգի մեջ կարելի է հումորով ներկայացնել հարսանեկան ներկայացում) ծեսերի երգացանկի մեջ կան հարսանեկան ծիսական երգեր: Դրանցից մի քանիսը ծրագրային երգեր են՝ Արթուր Շահնազարյանի «Կաքավիկ» երգարանից՝ «Եղնիկ», «Էն դիզան» «Խնկի ծառ», «Կոտ ու կես» , «Աղջկե՛ք, պար բռնեցեք», «Ծալ էրա», «Սաթոյին գովելու համար ենք եկել», մի քանիսն էլ Ռուդիկ Հարոյանի երգացանկից՝ «Ծառ ծաղկեցավ» (Ծառի խորհրդանիշը կարևոր դեր է խաղում հայկական ավանդական հարսանյաց ծեսում: Դա Կենաց ծառն է, որը մարմնավորում է տոհմի ճյուղավորումը, բարօրությունն ու ծաղկունք), «Զնկլիկ», «Խնամի, խոշ իս էկի» – կատակ զուգերգ, «Այլիհո՜»– կատակերգ: Մեր կրթահամալիրի երաժիշտ Աննա Երիցյանը, որը «Ակունք» ազգագրական համույթի անդամ է (գեղարվեստական ղեկավար՝ կոմիտասագետ, երգահան Արթուր Շահնազարյան), մեզ տրամադրեց հարսանեկան ծիսական երգեր՝ «Ծառս ծաղկեցավ» «Վեր էլի, հա՜յ», թագվորագովքերի, թագվորամորը դիմելու երգերի տարբերակներ:   Երգերի խոսքերը, եղած ձայնագրությունները  դարձան բոլորին հասանելի, երաժիշտների կողմից իրականացվեց երգերի ուսուցում՝ սովորողներին, դասավանդողներին, դաստիարակներին, հյուրերին, վերապատրաստվողներին, որոնք կատարվեցին և կատարվում են առավոտյան ընդհանուր պարապմունքներին, մեդիաուրբաթներին: Որոշ երգեր հայտնաբերվեցին համացանցից՝ ,  «Հարսնուկ եմ» , «Ադեն մածուն մերել է» («Շիրակի մեղեդիներ» -16:28-ից), «Աղջի, հարսնառն էկավ» — ազգային երգերի իմ հավաքածուից, «Մերիկ, մերիկ» — անձամբ սովորել եմ Եպրաքսյա Ոսկանյանից, որը կա «Գորանի» ազգային երգերի հավաքածու ֆիլմում — 10:50-ից:
Հավաքվեց հարսանյաց ծեսի նկարագրություն.
Հարսանիք. Վիքիպեդիա ,  Հայկական ավանդական հարսանիք , Ծեսը, ծիսակարգը և սովորույթը՝ որպես մշակույթի ժառանգման և փոխանցման մեխանիզմներ ,  Հարսանեկան ծեսը Արթիկի շրջանում ,  Հարսանյաց ծես —  տեղեկություններ տարբեր աղբյուրներից տրամադրել է կոմիտասագետ, երգահան Արթուր Շահնազարյանը:
Ազգագրագետ, երաժշտագետ, հարսանեկան ծեսի մասնագետ՝ Մարիաննա Տիգրանյանի «Հարսանեկան ծեսի» փաթեթը.
Ծիսական երգերի տեքստեր
Ծիսական երգերի նոտաներ
Հավելված
Կրթահամալիրի բոլոր օղակներում ուսումնասիրվեց և շարունակվում է ուսումնասիրվել հայկական ավանդական հարսանեկան ծեսը: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն  իր հրովարտակում հստակ ներկայացրեց  ծիսական աշխատանքների ուղղությունները: Կրթահամալիրը յոթ գիշեր, յոթ ցերեկ ծեսի մեջ է:
IMG_6413

Տեսանյութը՝ Հերմինե Անտոնյանի

Оставьте комментарий